Ըստ Reuters ինստիտուտի 2018 թ. թվային հաշվետվության` տարիներ շարունակ տեղեկատվության հիմնական աղբյուր հանդիսացող հեռուստատեսությունը տարեցտարի զիջում է իր դիրքերը որպես վստահելի աղբյուր և համաշխարհային մակարդակով արդեն վաղուց հետ է մնում սոցիալական ցանցերից։ Միաժամանակ տեղի է ունենում վստահելի սոցիալական ցանցերի դիրքերի վերաբաշխում․ այսպես Ֆեյսբուքը, որը երկար ժամանակ համարվում էր առաջատար, իր տեղը զիջում է Ինստագրամին, WhatsApp-ին և Snapchat-ին։ Սրա վառ ապացույցն է համաշխարհային լրատվական հսկայի՝ BBC-ի վերաթիրախավորումը Ինստագրամով հաղորդակցության։

Չնայած վերոնշյալ համաշխարհային միտումներին՝ Հայաստանում պատկերը մի փոքր այլ է․2019 թ․ Բրեվիսի կատարած հետազոտությունների համաձայն տեղեկատվության աղբյուրներն ըստ առաջնահերթության հետևյալն են․
- հեռուստատեսություն (80.8%),
- համացանց (առանց Ֆեյսբուքի՝ 45.7%),
- Ֆեյսբուք (46.9%)։
Ընդ որում, հետաքրքիր է այն փաստը, որ 2018 թ. արդյունքների համեմատ հեռուստատեսության մասնաբաժինն աճել է 6.3%-ով։ Աճի ցուցանիշ է գրանցել նաև Ֆեյսբուքը (2.2%), իսկ համացանցի (առանց Ֆեյսբուքի) նկատմամբ վստահությունը վերջին տարում նվազել է 4.2%-ով։
Զուգահեռաբար, Reuters-ի վերոնշյալ հաշվետվությունից պարզ է դառնում, որ երիտասարդներն աստիճանաբար անցում են կատարում մեսինջերներին (օրինակ՝ WhatsApp-ին)։ Նրանց մոտ կեսը նախընտրում է տեղեկություններ ստանալ նման աղբյուրներից։ Սա բացատրվում է այն հանգամանքով, որ օգտատերերը գերադասում են ընկերների միջոցով ստացվող ավելի անձնավորված տեղեկությունները Ֆեյսբուքում տարածվող և լայն հանրությանն ուղղված նորություններից։ Միաժամանակ հարցումները պարզել են Ֆեյսբուքում կեղծ լուրերի ավելացման միտումը հատկապես նշանակալի իրադարձությունների (օրինակ՝ ընտրությունների) ընթացքում։
Հայաստանում անձնավորված տեղեկություններ ստանալու աղբյուրները («Ընկերներ, բարեկամներ, աշխատակիցներ, հարևաններ» և «Ընտանիքի անդամներ»), դեռևս լայն տարածում չունեն (համապատասխանաբար 35% և 29.4%), չնայած դրանց մասնաբաժինը 2-2.5 անգամ գերազանցում է ռադիոյին և լրագրերին։ Փաստորեն, վերջիններիս արդիականության նվազման համաշխարհային միտումը նկատելի է նաև Հայաստանում։
Բրեվիսի հետազոտությունը պարզել է նաև բնակչության շրջանում տեղեկատվության աղբյուրների կարևորությունը։ Այս դեպքում նույնպես հեռուստատեսությունն առաջինն է․ բնակչության կեսից ավելին՝ 50,8%-ը, առաջնային կարևորություն է տալիս դրան։
Իհարկե, նորություն չի լինի այն, որ կարևորությամբ երկրորդ աղբյուրը Ֆեյսբուքն է, որն առաջնային է հարցվածների 24.9%-ի համար։
Մյուս բոլոր աղբյուրները զգալիորեն զիջում են հեռուստատեսությանն ու Ֆեյսբուքին։
Պատկերն ավելի հետաքրքիր է դառնում, երբ այս վիճակագրությունը զուգակցվում է գովազդների արդյունավետության մասին վիճակագրության հետ։