Հեղինակային

Թումոյի ֆենոմենը

Tumo Phenomenon

Երևանի բնակիչների 73%-ը պարբերաբար հաճախում է այգիներ, բայց քչերն են պատկերացնում, թե քաղաքի համար որքան կարևոր նշանակություն ունեն կանաչապատ գոտիները։

Այգիները ոչ միայն մարզվելու ու հանգստանալու, այլ նաև հանդիպումների վայրեր են։ Քաղաքի համար հավասարապես կարևոր է, որ բնակիչները լինեն առողջ և ունենան ամուր սոցիալական կապեր համայնքի այլ անդամների հետ։ Որպես հանդիպման ընդհանուր վայր, այգին առաջացնում է համայնքի անդամ լինելու զգացում, ձևավորում է համայնքի այլ անդամների նկատմամբ հարգալից վերաբերմունք և համայնքի գույքը խնամքով օգտագործելու սովորություն։

Սոցիալական նշանակությունից բացի՝ այգիներն ունեն նաև բնապահպանական գործառույթ։ Ծառերը որոշ չափով ֆիլտրում են քաղաքի աղտոտված օդը, պահպանում են խոնավությունը, միջատակեր թռչունների բնակվելու համար լավ պայմաններ են ստեղծում։

Այդ ամենի հետ մեկտեղ այգիները վերջին դերը չեն խաղում քաղաքի կերպարի ձևավորման մեջ։ Ցանկացած խոշոր քաղաքի կտավում կանաչը ամենակարևոր գույներից է։ Դեռ հին Բաբելոնի այցեքարտերից կարևորագույնը Կախովի այգիներն էին, իսկ ներկայում Տոկիոն է հպարտանում իր Կայսերական այգիներով։ 

Նոր ժամանակները պահանջում են նոր լուծումներ, և այգիներն էլ գնալով ավելի բարդ ու բազմաֆունկցիոնալ են դառնում։ Այսպես Մոսկվայի նոր Զարյադիե այգին ստացել է նաև թանգարանի գործառույթ, քանի որ ցուցադրում է Ռուսաստանի բոլոր կլիմայական գոտիներին հատուկ ֆլորան։ Իսկ Նյու Յորքի Հայլայնը, որ կառուցվել է նախկին վերգետնյա երկաթուղու վրա, ոչ միայն հանգստի գոտի է, այլ նաև թաղամասի զբոսաշրջային ու տնտեսական պոտենցիալը բարձրացնող նոր ձգողականության կենտրոն։

Երևանի այգիները դեռ սահմանափակ գործառույթներ են կատարում, բայց ամեն դեպքում հետաքրքիր է, թե դրանցից որոնք են քաղաքի բնակիչներն ավելի հաճախ այցելում։ 

Վերջին հետազոտության շրջանակներում* մենք հարցրել ենք երևանցիներին, թե քաղաքի որ այգիներն են նրանք առավել հաճախ այցելում։ Բնականաբար հարցվածների մեծ մասն առաջին հերթին նախընտրում է իրենց վարչական շրջանների այգիները, բայց քիչ չեն նրանք, ովքեր քաղաքի տարբեր ծայրերից այցելում են Թումոյի այգի։

Թումոյի այգու ֆենոմենը դժվար չէ բացատրել։ Նախ այնտեղ զբաղմունք կարող են գտնել տարբեր տարիքի և նախասիրությունների մարդիկ, ինչը լավ այգու կարևոր հատկանիշներից է։ Բացի այդ՝ այգին ունի համեմատաբար զարգացած ենթակառուցվածքներ՝ տարբեր տիպի նստարաններ և նստելու համար հարմար խոտածածկույթ, երեկոյան լուսավորություն, կենդանիների համար հատկացված վայր, մարզվելու ու երեխաների հանգստի հարմարանքներ, խորոված անելու համար հատկացված վայր, ինչպես նաև տրանսպորտային լավ հասանելիություն։ Կարևոր է նաև այգու լանդշաֆտային և երկրաչափական բազմազանությունը։ Այն սիմետրիկ չէ․ այգում կարելի է գտնել տարբեր տեսակի ծառեր և թփեր,այնպիսի լանդշաֆտային լուծումներ, ինչպիսիք են առվակներն ու բլրակները․ նույնիսկ արահետներն ունեն տարբեր ծածկույթ՝ սալապատ, ասֆալտապատ, խոտածածկ և գրունտային, ինչը ընտրության հնարավորություն է ընձեռում միայնակ, խմբով ու շան հետ զբոսնողներին, վազորդներին և հեծանվորդներին։ Իհարկե, Թումոն ժամանակակից համաշխարհային տրենդերից հետ է մնացել, բայց Երևանում այդ այգին դեռևս այլընտրանք չունի, և Աջափնյակի բնակիչները պետք է հպարտ լինեն, որ նմանատիպ հանգստի վայր ունեն։

*«Երևանը, Երևանի բնակիչներն ու խնդիրները» հետազոտությունն իրականացվում է ամեն տարի Երևանի չափահաս բնակչության շրջանում։ 2020 թվականին բազմաստիճան քվոտային ընտրանքում ընդգրկվել է 1,218 հարցվող։ Հետազոտությունն իրականացվել է հուլիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցումների (CATI) եղանակով՝ տվյալների α=95% ճշտությամբ, սահմանային սխալի գործակիցը` Δ=±2.45%։


Հեղինակ

Breavis

Կարդացեք նաև․․․

Breavis Web

Հանրային կարծիքի ուսումնասիրություն 2023. Հայաստանի առկա բնակչություն

Միջազգային հանրապետական ինստիտուտի Հարցումների հետազոտության կենտրոնի համար, Բրեվիսի կողմից վերջերս իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրությունը, ստեղծում է Հայաստանի բնակիչների կարծիքների և տեսակետների նշանակալի պատկեր։ Հարցումը անցկացվել

Breavis Blog1 3

Էներգաարդյունավետությունը բազմաբնակարան շենքերում. հետազոտություն Հայաստանում

Կայուն ապագա ապահովելու մեր շարունակական ձգտման գործում կարևոր է հասկանալ բնակելի շենքերում էներգաարդյունավետության բարելավման ներուժը: Բրեվիսը ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակներում 2023 թ. հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում

Breavis Blog3

Հանրային կարծիքի ուսումնասիրություն 2022 հուլիս. Հայաստանի առկա բնակչություն

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից վերջերս ֆինանսավորված նախաձեռնության շրջանակներում Բրեվիսն իրականացրել է հանրային կարծիքի ուսումնասիրություն Միջազգային հանրապետական ինստիտուտի Հարցումների հետազոտության կենտրոնի համար։ Հետազոտությունն իրականացվել է