Հեղինակային

Երևանցիների վախերը

Անվտանգությունը կյանքի որակը բնութագրող կարևորագույն ցուցիչներից է։ Քաղաքը կարող է ունենալ կանաչապատ հանգստի գոտիներ, զարգացած հանրային տրանսպորտ, եկամտաբեր աշխատատեղեր, հագեցած մշակութային առօրյա, բայց բնակիչներն իրենց երջանիկ չեն զգա, քանի դեռ իրենց կյանքին, առողջությանը և սեփականությանը վտանգ է սպառնում։

Սակայն ի՞նչ է անվտանգությունը քաղաքի բնակչի տեսանկյունից։ Ինչպե՞ս կարող ենք որոշել՝ արդյոք այս կամ այն քաղաքում ապրելն անվտանգ է՝ ինչպես օբյեկտիվորեն, այնպես էլ բնակիչների ընկալումների մակարդակում։ 

Ուրբանիստներից ոմանք ասում են, որ անվտանգ կարող ենք համարել քաղաքները, որոնց փողոցներում գիշերային ժամերին կարելի է հանդիպել միայնակ քայլող կանանց։ Որքան էլ սա բարդ երևույթը պարզ ձևով ներկայացնելու փորձ է, այդուհանդերձ նույնիսկ այդ չափանիշն իր մեջ բազմաթիվ անվտանգության տարրեր է պարունակում։ Միայնակ քայլող կինը ոչ միայն հանցագործությունների ցածր մակարդակի ցուցիչ է, այլ նաև գիշերային զբոսանքի համար հարմարեցված ենթակառուցվածքների (օրինակ՝ լուսավորության) առկայության։ Բացի այդ՝ մութ ժամերին զբոսնելու ցանկությունը հակառակ համեմատական է վտանգավոր թափառող շների առկայությանը և ուղիղ համեմատական է փողոցների մարդաշատությանը։

Պարզվում է՝ Երևանի բնակիչների միայն 8%-ն է իրեն ոչ ապահով զգում երեկոյան ժամերին զբոսնելիս*, ընդ որում՝ կանանց 10%-ն է այդ զբաղմունքը վտանգավոր համարում, ինչը վկայում է նրա մասին, որ երևանցիների բացարձակ մեծամասնության ընկալմամբ մութ ժամերին զբոսնելն անվտանգ է։ Հատկապես Նոր Նորքի և Աջափնյակի բնակիչներն են երեկոյան զբոսանքը անվտանգ համարում։ 

Դրան հակառակ՝ Շենգավիթը, Դավթաշենը և Ավանը այն վարչական շրջաններն են, որոնց բնակիչները երեկոյան զբոսանքը համեմատաբար վտանգավոր են համարում։ Քաղաքի նշված թաղամասերում նաև միջինից շատ են դժգոհում գիշերային լուսավորությունից և վտանգավոր թափառող շների առկայությունից, իսկ այդ գործոնները բնականաբար վատ են անդրադառնում անվտանգության ընկալման վրա, սակայն սխալ կլինի գալ այն եզրահանգման, որ միայն այդ գործոններով են պայմանավորված վարչական շրջանների բնակիչների պատասխանների տարբերությունները։

Իհարկե, անվտանգության ընկալումը բազմագործոն է։ Միայն երեկոյան ժամերին զբոսնելու ապահովության ընկալումը քաղաքը անվանգ չի դարձնում։ Առօրյայում մենք առընչվում ենք տարբեր ռիսկերի հետ․ օրինակ՝ օգտվում ենք հանրային տրանսպորտից, անցնում ենք փողոցը, վերջվերջո փողոցում պատվիրում ենք շաուրմա։ Սակայն այդ ռիսկերին մենք հիմնականում գնում ենք գիտակցաբար՝ ունենալով այլընտրանքներ։

Վերջին հետազոտության* ժամանակ մենք երևանցիներին հարցրել ենք, թե որքան ապահով են իրենց զգում տարբեր իրավիճակներում, և պարզվել է, որ մայրաքաղաքի բնակիչներն ամենից վտանգավոր համարում են վերելակները, որոնց այլընտրանքը հատկապես տարեցներն ու սահմանափակ շարժունակություն ունեցող անձինք չունեն։ Քաղաքի բնակիչների 61%-ն իրենց վերելակներում ապահով չի զգում։

Հետաքրքիր է, որ աշխարհում վերելակը համարվում է ամենաանվտանգ տրանսպորտավորման միջոցներից մեկը։ Չնայած խոշոր քաղաքներում դրանից առօրյայում օգտվում են գրեթե բոլորը, սակայն վերելակների հետ կապված դժբախտ պատահարներ հազվադեպ են տեղի ունենում։

*«Երևանը, Երևանի բնակիչներն ու խնդիրները» հետազոտությունն իրականացվում է ամեն տարի Երևանի չափահաս բնակչության շրջանում։ 2020 թվականին բազմաստիճան քվոտային ընտրանքում ընդգրկվել է 1,218 հարցվող։ Հետազոտությունն իրականացվել է հուլիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցումների (CATI) եղանակով՝ տվյալների α=95% ճշտությամբ, սահմանային սխալի գործակիցը` Δ=±2.45%։


Հեղինակ

Breavis

Կարդացեք նաև․․․

Breavis Web

Հանրային կարծիքի ուսումնասիրություն 2023. Հայաստանի առկա բնակչություն

Միջազգային հանրապետական ինստիտուտի Հարցումների հետազոտության կենտրոնի համար, Բրեվիսի կողմից վերջերս իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրությունը, ստեղծում է Հայաստանի բնակիչների կարծիքների և տեսակետների նշանակալի պատկեր։ Հարցումը անցկացվել

Breavis Blog1 3

Էներգաարդյունավետությունը բազմաբնակարան շենքերում. հետազոտություն Հայաստանում

Կայուն ապագա ապահովելու մեր շարունակական ձգտման գործում կարևոր է հասկանալ բնակելի շենքերում էներգաարդյունավետության բարելավման ներուժը: Բրեվիսը ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակներում 2023 թ. հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում

Breavis Blog3

Հանրային կարծիքի ուսումնասիրություն 2022 հուլիս. Հայաստանի առկա բնակչություն

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից վերջերս ֆինանսավորված նախաձեռնության շրջանակներում Բրեվիսն իրականացրել է հանրային կարծիքի ուսումնասիրություն Միջազգային հանրապետական ինստիտուտի Հարցումների հետազոտության կենտրոնի համար։ Հետազոտությունն իրականացվել է