Մեր նախորդ հոդվածներից մեկում անդրադարձել էինք այն հարցին, թե ինչ մասնաբաժին են կազմում ամուրիները տարբեր տարիքային խմբերում։ Շարունակելով թեման՝ ներկայացնենք ընտանեկան կարգավիճակի, տարիքային միջակայքերի և բնակության վայրի հարաբերակցությունը՝ փորձելով հասկանալ դուրս բերված արդյունքների պատճառները։
Նույն հետազոտության շրջանակում պատկերը փորձել ենք վերլուծել նաև ըստ բնակավայրերի բաշխվածության։ Հատկանշական է, որ չնայած այն պատկերացմանը, որ գյուղական բնակավայրերում, որտեղ մարդիկ ավելի ավանդապահ են, եկեղեցով ամուսնությունների թիվը պետք է բարձր լիներ միջին հանրապետական, քաղաքային և մայրաքաղաքային ցուցանիշներից, պատկերը բոլորովին այլ է․ գյուղական բնակավայրերում միայն եկեղեցով ամուսնացածների մասնաբաժինը (2.4%) ավելի ցածր է հանրապետության միջին ցուցանիշից՝ 3% և միաժամանակ զիջում է քաղաքային (3.5%) և մայրաքաղաքային (3.2%) ցուցանիշներին։
Վերոնշյալ պատկերը փոխլրացվում է նաև այն հանգամանքով, որ գյուղական բնակավայրերում միայն «ԶԱԳՍ»-ով ամուսնացածների մասնաբաժինը (51.4%) ավելին է, քան քաղաքային (40.5%) և մայրաքաղաքային (38.6%) բնակավայրերում:
Ավելի խոր վերլուծությունը ցույց է տալիս, որ այս ցուցանիշները հստակ պատճառահետևանքային կապ ունեն հարցվածների ընտանիքի միջին եկամտի հետ։ Այսպես, ավելի բարձր եկամուտ ունեցողները նախընտրում են ամուսնանալ եկեղեցով, իսկ ավելի ցածր եկամուտ ունեցողները՝ միայն «ԶԱԳՍ»-ով։ Այս երևույթը կարելի է կապել նրա հետ, որ եկեղեցով ամուսնությունը մեզանում ենթադրում է ավելի մեծ ծախսով միջոցառումներ, ի տարբերություն «ԶԱԳՍ»-ի արարողության։
Գյուղական համայնքներում ամուսնալուծությունների ցածր մակարդակը կարող է պայմանավորված լինել սույն երևույթի նկատմամբ բնակիչների ոչ միանշանակ ընկալմամբ․ փոքր համայնքներում ընդամենը 1%-ն է ամուսնալուծված։ Մայրաքաղաքում, օրինակ, ամուսնալուծվածները կազմում են բնակչության 4.6%-ը։
Սակայն, չնայած դրան, նույն՝ ոչ միանշանակ դիրքորոշումը կա նաև փաստական ամուսնությունների դեպքում, ինչը, սակայն, չի խանգարում գյուղական և մարզային բնակավայրերում ունենալ փաստական ամուսնությունների ավելի բարձր մասնաբաժին (համապատասխանաբար՝ 6.2% և 7.2%), քան Երևանում (4.5%): Մնացած խմբերում էական տատանումներ կամ տարբերություններ չեն դիտվում։
Այսպիսով, փաստերի վերլուծությունը ստեղծում է կարծրատիպային ընկալումներից բոլորովին այլ պատկեր։
Նկարի աղբյուր՝ hinyerevan.com