Հայաստանի չափահաս բնակչության շրջանում Բրեվիսի իրականացրած վերջին հետազոտության արդյունքները հաստատում են երջանկության մասին պատկերացումների անհատական լինելը։ «Ինչ է Ձեզ անհրաժեշտ երջանկության համար» հարցին տրվել են ամենատարբեր պատասխանները: Հարցվածների մեծամասնությունը երջանկությունը կապում է առողջության (22%) և ընտանիքի (21%) հետ։ Մեծ է նաև փողը նշողների մասնաբաժինը (14%): Աշխատանքն ու բարեկեցությունը որպես երջանիկ լինելու կարևորագույն նախապայման նշել է հարցվածների 10%-ը: Խաղաղությունը կարևորում է 5%-ը, իսկ հոգեկան բավարարվածությունն ու սերը՝ 2-ական %-ը: Պատասխանների մնացած՝ 14%-ը զարմացնում է բազմազանությամբ՝ հարգանք, փոխըմբռնում, խիղճ, անկախություն, բարություն, լավ ակնթարթներ, ժպիտներ և այլն:
Բնակչության տարբեր խմբերում երջանկության ընկալումները տարբեր են և կախված են այդ խմբի պահանջներից:
Որքան երջանկությունը պայմանավորող հանգամանքի կարիքն ավելի մեծ է, այնքան ավելի հավանական է, որ հարցվողն առաջինը կհիշի և կնշի այդ տարբերակը: Այսպես, գործազուրկների 20%-ն է երջանկության կարևորագույն նախապայման համարում աշխատանքի առկայությունը, իսկ զբաղված անձանց՝ 8%-ը: Փողը որպես նախապայման նշել է ցածր բարեկեցության խմբի ներկայացուցիչների 15%-ը և բարձր բարեկեցության խմբի ներկայացուցիչների 9%-ը: Առողջությունը երջանկության կարևորագույն բաղադրիչ է համարում երիտասարդների 21%-ը, իսկ տարեց մարդկանց՝ 27%-ը:
Ընդհանուր առմամբ՝ բնակչության 81%-ն իրեն համարում է երջանիկ, ընդ որում՝ ըստ սոցիալական խմբերի՝ այդ ցուցանիշը տարբերվում է: Այսպես, իրեն երջանիկ է համարում երիտասարդների 89%-ը և տարեցների 73%-ը: Բարձր բարեկեցության խմբերում դրական պատասխան է տվել հարցվածների 90%-ը, իսկ ցածր բարեկեցության խմբերում՝ 74%-ը: Իրեն երջանիկ է համարում միջնակարգ կրթություն ունեցողների 79%-ը և բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտածների 86%-ը:
Կարելի է գալ այն եզրահանգման, որ երջանիկ լինելը որոշ չափով պայմանավորված է որոշակի սոցիալական խմբին պատկանելությամբ, սակայն անհամեմատ ավելի մեծ է կենսակերպի դերը: Այսպես, հեռուստացույց ընդհանրապես չդիտողների, հաճախակի սրճարան, թատրոն և համերգ հաճախողների, ինչպես նաև մարմնամարզությամբ զբաղվող անձանց շրջանում իրենց երջանիկ համարողների մասնաբաժինն անհամեմատ մեծ է: Իհարկե, պատճառահետևանքային կապն ակնհայտ չէ, և չենք կարող ասել՝ արդյոք նշված գործողությունները կատարող անձինք են ավելի երջանիկ, թե, ընդհակառակը, երջանիկ մարդիկ ավելի շատ են հակված այդպիսի կենսակերպ վարելուն։ Ինչևէ, եթե դժբախտ եք զգում, միշտ իմաստ ունի առօրյայում ինչ-որ բան փոխել՝ սկսել վազել առավոտյան, ավելի հաճախ այցելել ընկերներին կամ կորցնել հեռուստացույցի վահանակը և փոխարենը մի հետաքրքիր գիրք գտնել: