
Հավերժ երիտասարդ, բայց արդեն 2801-ամյա մեր մայրաքաղաքը օտարերկրյա հյուրերի կողմից հաճախ է բնութագրվում որպես հյուրընկալ, յուրահատուկ ու սրտաբաց քաղաք՝ իրեն խիստ ներհատուկ ավանդույթներով ու «բնավորությամբ»։ Բրեվիսը հանձն է առել պարզելու, թե ինչպիսին են մեր՝ երևանցիներիս հուզական ընկալումները Երևանի հանդեպ։ Ըստ այդ՝ հարցումների արդյունքները փաստում են, որ Երևանը 2016թ-ից մինչև այս տարի աստիճանաբար ավելի ու ավելի է ընկալվում որպես դրական, ապահով, հաճելի, գեղեցիկ, բարի և լուսավոր քաղաք։ Միայն վերջին երեքն են, որ իրենց ցուցանիշով 2017թ-ին զիջել են 2016 և 2019 թվականների տվյալներին։ Մարդկանց զգացական ընկալումներում, 2016թ-ից սկսած, Երևանը բնորոշվում է նաև իբրև ավելի ուժեղ, փափուկ, կուշտ, մեծ, արագ, ուրախ և եռանդուն։ Հետաքրքրականն այն է, որ վերոնշյալ ցուցանիշները 2019-ին էականորեն բարձր են նախորդ տարիների համեմատ։ Մայրաքաղաքն իր բնակիչների ընկալումներում միայն հեռու է մաքուր քաղաք լինելուց․ցուցանիշները հուսադրող չեն, քանի որ վերջին տարիների ընթացքում, հատելով բացասականի շեմը, հասել է -0․18։