Երևանաբնակների կեսից ավելին հնարավորության դեպքում կփոխեր աշխատանքը

Բրեվիսը Career Development ծրագրի շրջանակում մասնագիտական նախընտրությունների վերաբերյալ հետազոտության ընթացքում պարզել է, թե երևանաբնակների որ մասն է գոհ իր աշխատանքից և հնարավորության դեպքում քանի տոկոսը կփոխեր աշխատանքը։

Հետաքրքիր է, որ երևանաբնակների 21,3%-ին չի գոհացնում աշխատանքը, սակայն հարցվածների 46.1%-ը ցանկություն չունի փոխելու այն հնարավորության դեպքում։ Սրան հակառակ իրենց աշխատանքից գոհ մարդկանց գրեթե կեսը (46%) պատրաստ է փոխել աշխատանքը հնարավորության դեպքում։

Իրենց աշխատանքից ամենից շատ գոհ են միջազգային կազմակերպություններում աշխատող երևանաբնակները (այս սեկտորում աշխատող բացառապես բոլոր հարցվածները նշել են, որ գոհ են աշխատանքից), սակայն նույնիսկ այս պարագայում նրանց կեսից ավելին՝ 60%-ը, պատրաստ է փոխել աշխատանքը հնարավորություն դեպքում։ Պարադոքսալ է, սակայն սրան հակառակ պատկեր է դիտարկվում պետական սեկտորում աշխատողների շրջանում։ Ըստ հարցման՝ նրանց  23.9%-ը ներկայիս աշխատանքից դժգոհ է, սակայն միևնույն ժամանակ 57%-ը նշել է, որ նույնիսկ հնարավորություն ունենալու դեպքում չի փոխի աշխատանքը։ Նույն հակասական պատկերը դիտարկվում է նաև մասնավոր սեկտորներում և հասարակական կազմակերպություններում աշխատողների շրջանում։ Թեև հասարակական կազմակերպություններում աշխատողների շրջանում ավելի շատ են իրենց ներկայիս աշխատանքից գոհ մարդիկ (88,8%), քան մասնավոր սեկտորում (79,4%), սակայն առաջիններն ավելի են հակված հնարավորության դեպքում փոխելու իրենց աշխատանքը (77,8%՝ ի հակադրություն 22,2%-ի)։

Այս համատեքստում ուշագրավ է նաև դիտարկել իրենց մասնագիտությամբ աշխատող մարդկանց պատասխանները։ Մասնավորապես իր մասնագիտությամբ աշխատող յուրաքանչյուր 5-րդը (18.3%) գոհ չէ իր աշխատանքից։ Պատճառների շարքում են ինչպես աշխատանքային ոչ բավարար պայմանները, այնպես էլ՝ մասնագիտության սխալ ընտրությունը կամ նախընտրությունների փոփոխությունը։

Անհրաժեշտ է նշել, որ միջնակարգ կամ ցածր և բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց շրջանում հնարավորության դեպքում աշխատանքը փոխել ցանկացողների մասնաբաժինը գրեթե նույնն է (համապատասխանաբար՝ 51,3% և 51%)։ Ցուցանիշները մոտ են նաև միջին մասնագիտական և անավարտ համալսարանական կրթություն ունեցողների շրջանում (համապատասխանաբար՝ 62,1% և 62,5%)։ Միաժամանակ աշխատանքից ամենաշատը դժգոհ են միջնակարգ կամ ցածր և միջին մասնագիտական կրթություն ունեցողները (24,6% և 24,5%)։ Ցուցանիշներով հաջորդը բարձրագույն (19,2%), ապա անավարտ համալսարանական (12%) կրթություն ունեցողներն են։


Հեղինակ

Breavis

Կարդացեք նաև․․․

Breavis Web

Հանրային կարծիքի ուսումնասիրություն 2023. Հայաստանի առկա բնակչություն

Միջազգային հանրապետական ինստիտուտի Հարցումների հետազոտության կենտրոնի համար, Բրեվիսի կողմից վերջերս իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրությունը, ստեղծում է Հայաստանի բնակիչների կարծիքների և տեսակետների նշանակալի պատկեր։ Հարցումը անցկացվել

Breavis Blog1 3

Էներգաարդյունավետությունը բազմաբնակարան շենքերում. հետազոտություն Հայաստանում

Կայուն ապագա ապահովելու մեր շարունակական ձգտման գործում կարևոր է հասկանալ բնակելի շենքերում էներգաարդյունավետության բարելավման ներուժը: Բրեվիսը ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակներում 2023 թ. հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում

Breavis Blog3

Հանրային կարծիքի ուսումնասիրություն 2022 հուլիս. Հայաստանի առկա բնակչություն

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից վերջերս ֆինանսավորված նախաձեռնության շրջանակներում Բրեվիսն իրականացրել է հանրային կարծիքի ուսումնասիրություն Միջազգային հանրապետական ինստիտուտի Հարցումների հետազոտության կենտրոնի համար։ Հետազոտությունն իրականացվել է