Երևան, Հայաստան – Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ)` Հարցումների հետազոտության կենտրոնի նոր համապետական հարցումը ցույց է տալիս սոցիալ-տնտեսական բարեփոխումների և քաղաքական կայունության խիստ պահանջարկ, ինչպես նաև՝ աջակցություն իշխող կառավարությանը։ 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից ի վեր անցկացված առաջին հարցումն ուսումնասիրել է նոյեմբերյան հրադադարից հետո Հայաստանում առկա հանրային տրամադրությունները։
«Ճգնաժամի շրջանում հայերը հույսը դնում են կառավարության վրա կայունություն ապահովելու և երկրի սոցիալ-տնտեսական բարեկեցությունը երաշխավորելու հարցում», – ասել է ՄՀԻ եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսը: – «Իշխանությանն աջակցությունը մնում է բարձր, բայց դա պահպանելու համար կառավարությունը պետք է շարունակական ջանքեր գործադրի բարեփոխումների օրակարգը բարելավելու և այս բարեփոխումները քաղաքացիներին արդյունավետ կերպով ներկայացնելու համար»։
Պատասխանելով նոյեմբերի հրադադարին հաջորդող քայլերի մասին հարցին՝ հայաստանցիների 97%-ը նշել է, որ կառավարությունը պետք է կենտրոնանա ներքին խնդիրների վրա, որոնցից են տնտեսությանը, քաղաքական կայունությանը վերաբերող և սոցիալական խնդիրները: Ըստ պատասխանների՝ երկրորդ տեղում Արցախցիների վերաինտեգրման խնդիրն է. քաղաքացիների 92%-ը գտնում է, որ կառավարությունը պետք է ապահովի նրանց անվտանգ վերադարձը ռուս խաղաղապահների կողմից հսկվող տարածքներ։ Հայաստանցիները որպես ներկայումս երկրի առջև ծառացած երեք հիմնական խնդիրները նշել են քաղաքական անկայունությունը (12%), գործազրկությունը (11%) և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը (9%):
Չնայած մտահոգություններին, կառավարության մասին հասարակական կարծիքը մնում է հաստատուն. հայերի 33%-ը նշել է, որ եթե ընտրություններն անցկացվեին հաջորդ կիրակի, կքվեարկեր իշխանության օգտին: Ըստ հարցման՝ հաջորդ ամենաբարձր արդյունքը գրանցած կուսակցությունը կլիներ «Բարգավաճ Հայաստանը»՝ ստանալով ձայների ընդամենը 3%-ը: Թեև վարչապետի վարկանիշը 2019 թվականից ի վեր նվազել է 22 միավորով, հայերի կեսից ավելին շարունակում է ունենալ «շատ» (29%) կամ «որոշակի» (25%) լավ վերաբերմունք նրա գլխավորած կառավարության նկատմամբ։
Այս ֆոնին, հայաստանցիների 62%-ը նշել է, որ կվստահեր արտահերթ ընտրությունների արդյունքներին, եթե դրանք կազմակերպեր ներկայիս կառավարությունը։
Անկախ դրանից, քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կողմ է Հայաստանում ընտրական բարեփոխումներին. 74%-ը կարևորում է ընտրական օրենսգրքի բարեփոխումները: Մասնավորապես հայաստանցիների 73%-ը կարծում է, որ թեկնածուները պետք է մանրամասներ ներկայացնեն նախընտրական քարոզարշավի ծախսերի վերաբերյալ, իսկ 68%-ը ցանկանում է, որ քաղաքացիներին ավելի լայն հնարավորություններ տրվեն կուսակցությունների ցուցակներում իրենց ներդրումն ունենալու հարցում։
Մեթոդաբանություն
Հետազոտությունն իրականացվել է ՄՀԻ Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ՝ Բրեվիսի («Այ Փի Էս Սի») կողմից 2021 թվականի փետրվարի 8-ից 16-ն ընկած ժամանակահատվածում: Տվյալները հավաքվել են 18 տարին լրացած 1,504 ՀՀ քաղաքացիների հետ հեռախոսային հարցազրույցներ անցկացնելու միջոցով։ Պատասխանողների ընդհանուր թիվը կազմել է 27%։ Սխալի միջակայքը չի գերազանցում ±2.5 կետային տոկոսն ամբողջ ընտրանքի համար։ Տվյալների կշռումն իրականացվել է ըստ 11 տարածաշրջանային խմբերի, տարիքային խմբերի, սեռի և բնակավայրի տիպի։ Հետազոտության իրականացումը հնարավոր է դարձել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ / USAID) աջակցությամբ։