Մեր մայրաքաղաքը՝ իր ընդլայնմանը զուգահեռ, ինչպես նաև խորհրդային երկրի մայրաքաղաքից փոխակերպվելով անկախ հանրապետության ժամանակակից մայրաքաղաքի, տարիների ընթացքում ձեռք է բերել մեգապոլիսներին բնորոշ դիմագծեր, իսկ բնակչության թիվը կտրուկ աճել է՝ ի հաշիվ Հայաստանի այլ բնակավայրերից, ինչպես նաև այլ երկրներից տեղափոխվածների։ 2018թ. պաշտոնական տվյալների համաձայն՝ Երևանում բնակվում է 1,077,590 մարդ։
Մենք փորձել ենք պարզել՝ մայրաքաղաքի բնակիչների քանի տոկոսն է ծնվել Երևանում և որքանով է փոխվել այդ թիվը 2014-2019թթ. ընթացքում։
Այսպես, 2014թ. մայրաքաղաքում ծնվածները կազմում էին Երևանի բնակչության 72.2%-ը, 2017թ.՝ 73%-ը։ 2019թ. Երևանում ծնվածների քանակը մի փոքր նվազել է՝ կազմելով 68.9%։
Մեր հետազոտությունը պարզել է նաև, թե Երևանում բնակվող, սակայն ՀՀ այլ քաղաքներում, գյուղերում և արտերկրում ծնվածների որ մասն է իրեն համարում երևանցի։ Երևանում չծնվածների 48.1%-ը իրեն համարում է երևանցի, իսկ 34.3%-ը իրեն նույնականացնում է իր ծննդավայրի հետ: 13.7%-ը իրեն համարում է և՛ երևանցի, և՛ իր ծննդավայրից։ Հատկանշական է, որ երևանաբնակների 3.8%-ը իրեն չի նույնականացնում ո՛չ Երևանի, ո՛չ էլ՝ ծննդավայրի հետ։
Նկարի աղբյուր՝ hinyerevan.com