Երևան, Հայաստան – Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) Հարցումների հետազոտության կենտրոնի նոր համապետական հարցման արդյունքները ցույց են տալիս հասարակության դրական վերաբերմունքը վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, մտահոգությունները՝ կապված անվտանգության «փխրուն» բնույթի հետ և COVID-19-ի դեմ պատվաստանյութերի օգնությամբ պայքարելու հետ կապված տարակուսանքի նվազումը։
Պատասխանելով հունիսի խորհրդարանական ընտրությունների մասին հարցին՝ հայերի 63%-ը նշել է, որ արդյունքները գոհացնող են։
«Ընտրությունների արդյունքներից գոհունակության նման բարձր մակարդակը ողջունելի զարգացում է ցանկացած ժողովրդավարության մեջ», – ասել է ՄՀԻ եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսը։ «Նման գոհունակությունը ստեղծում է տպավորություն, որ հունիսի խորհրդարանական ընտրություններն արտացոլում էին ժողովրդի կամքը»։
Այնուամենայնիվ, 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված անկայուն անվտանգային իրավիճակը շարունակում է լուրջ մտահոգություն առաջացնել: Պատասխանելով կառավարության կողմից առաջնային լուծում պահանջող խնդիրների մասին հարցին՝ հայաստանցիների 62%-ը նշել է, որ անվտանգության հետ կապված խնդիրների լուծումը համարում է գլխավոր երկու առաջնահերթություններից մեկը։
«Ադրբեջանի հետ ունեցած հակամարտությունից հետո Հայաստանի ժողովուրդը անվտանգության հետ կապված դեռ շատ անհանգստություններ ունի, և կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի բռնության վերսկսման վերաբերյալ ցանկացած մտավախություն վերացնելու համար», – ասել է Նիքսը:
Ինչ վերաբերում է համաճարակին` պատվաստանյութերի հետ կապված նախկին տարակուսանքն ու կասկածները նվազել են։ Ընդհանուր առմամբ, հայաստանցիների 48%-ը նշել է, որ արդեն պատվաստված է (8%) կամ նախատեսում է անպայման (13%) կամ հավանաբար (27%) պատվաստվել:
«COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում Առողջապահության նախարարությունը պետք է շարունակի հանրային իրազեկումը, որպեսզի ավելի մեծ թվով մարդկանց խրախուսի պատվաստվել », – ասել է Նիքսը:
Մեթոդաբանություն
Հետազոտությունն իրականացվել է ՄՀԻ Հարցումների հետազոտության կենտրոնի համար Բրեվիսի («Այ Փի Էս Սի») կողմից։
Տվյալները հավաքվել են 2021 թվականի հուլիսի 21-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ամբողջ Հայաստանի տարածքում։ Օգտագործվել է հեռախոսային հարցազրույցների մեթոդը, որի համար կիրառվել է պատահական բջջային հեռախոսահամարներին զանգելու (RDD) եղանակը։
Ընտրանքը կազմված է 18 տարին լրացած ՀՀ-ում մշտական բնակություն ունեցող 1,504 քաղաքացուց, ։ Այն ներկայացնում է բջջային հեռախոսից օգտվելու հնարավորություն ունեցող բնակչությանը՝ այդպիսով դուրս թողնելով չափահասների մոտավորապես 1.2%-ին:
Տվյալների կշռումն իրականացվել է համաձայն Հայաստանի վիճակագրական կոմիտեի 2018 թվականի տարեգրքի՝ ըստ 11 մարզի, տարիքային խմբերի, սեռի և բնակավայրի տիպի։ Սխալի միջակայքը չի գերազանցում ±2.5 կետային տոկոսն ամբողջ ընտրանքի համար` վստահության 95% մակարդակով։
Պատասխանողների ընդհանուր թիվը կազմել է 27%։ Կլորացման արդյունքում գծապատկերների թվերի գումարները կարող են հավասար չլինել 100%-ի։
Հետազոտությունը ֆինանսավորվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից։