Վերջերս իրականացված՝ «Հայաստանի Հանրապետությունում պտղի սեռի խտրական ընտրությունը» վերնագիրն ունեցող հետազոտության հիմնական արդյունքները ներկայացվել են շահագրգիռ կողմերին և լայն հանրությանը: Հետազոտության նպատակն էր պարզել 18-49 տարեկան կանանց և նրանց ընտանիքի անդամների վերաբերմունքը և տրամադրվածությունը Հայաստանում երեխայի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների նկատմամբ։ Հետազոտությունն իրականացվել է 2022 թվականի հունիսին՝ համադրելով քանակական և որակական մեթոդները, ներառյալ՝ փաստաթղթերի վերլուծությունը, հեռախոսային հարցումները և ֆոկուս խմբային քննարկումները։
Հիմնական բացահայտումներ
Երեխայի սեռի նախապատվություն
Հետազոտությունը ցույց է տվել, որ 2017 թվականի համեմատ երեխայի 2 սեռին հավասար նախապատվություն տվողների քանակը նվազել է։ Հետաքրքիր է, որ աճել է ցանկացած սեռի երեխային նախապատվություն տվողների թիվը: Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ հավասար նախապատվության ցուցանիշները ուղիղ համեմատական են կրթության և եկամտի մակարդակին և տարբերվում են Հայաստանի տարբեր մարզերում։
Առաջին հղիության ժամանակ երեխայի սեռի նախապատվություն
Առաջին հղիության ժամանակ տղա երեխաների նախապատվությունը շարունակում է լինել գերակշռող, թեև 2017 թվականից ի վեր առաջին հղիության ժամանակ աղջիկ երեխաներին նախապատվություն տվողների քանակն աճել է։ Հետազոտությունների արդյունքում նաև հետաքրքիր տվյալներ են ստացվել առաջին հղիության ընթացքում երեխայի սեռի նախընտրության հետ կապված տարածաշրջանային տարբերությունների վերաբերյալ։
Երեխայի սեռի նախապատվության պատճառները
Որևէ սեռին նախապատվություն տալու պատճառները խորապես արմատավորված են հասարակական և մշակութային համոզմունքներում: Օրինակ՝ տղա երեխաներին նախապատվություն տվողների մեծ մասը պատճառաբանում էր, որ «տոհմը շարունակում են որդիները», և «տղաները հայրենիքի պաշտպանն են»։ Իսկ նրանք, ովքեր նախապատվությունը տալիս էին աղջիկ երեխաներին, նշում էին, որ «դուստրը միշտ պատրաստ է օգնել ծնողներին», և «ընտանիքում աղջիկների հանդեպ սերը մեծ է»։
Սեռերի հարաբերակցությունն ըստ հղիության հերթականության
Սեռերի նախընտրության անհավասարակշռությունն ավելի նկատելի է դառնում երկրորդ հղիությունից սկսած. աճում է տղաների նախապատվությունը: Երրորդ հղիությունից հետո աճում է իգական սեռի պտղի արհեստական ընդհատումների քանակը։
Եզրակացություն
Այս հետազոտությունը էական պատկերացումներ է տալիս Հայաստանում պտղի սեռի խտրական ընտրության վերաբերյալ և օգնում է, տվյալների վրա հիմնվելով, մշակել խնդրի լուծմանն ուղղված քաղաքականություն և միջամտություններ ։ Հետազոտության արդյունքների հիման վրա մշակվել են քաղաքականության երկու համառոտագրեր՝ կենտրոնանալով պտղի սեռի խտրական ընտրության կանխարգելման հարցում կրթության, առողջապահական համակարգերի, տարածաշրջանային և տեղական իշխանությունների դերի վրա ։ Հետազոտությունը կատարվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում։ Ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական Միության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից: