Ս․թ․ հունիսի 28-ին նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է հանրային կարծիքի ուսումնասիրություն և հաղորդակցության խորհրդատվություն իրականացնող IPSC/Breavis ընկերություն։ Տեղի է ունեցել փոխգործակցության հուշագրի ստորագրման արարողություն, ինչպես նաև՝ Պաշտպանության նախարարության «ԴԻՏԱԿԵՏ» ծրագրի մասին համառոտ ներկայացում։ ՀՀ պաշտպանության նախարարության և IPSC/Breavis ընկերության միջև հուշագրի ստորագրմամբ մեկնարկ է տրվել մի ծրագրի, որն իր տեսակով աննախադեպ է։ «ԴԻՏԱԿԵՏ» ծրագրի շրջանակում իրականացվելու է ամբողջական ընտրանքով գնահատող հետազոտություն  2017 թ. զորակոչի շրջանակներում՝ մինչև այժմ փակ համարվող կառույցը չափելի և վերահսկելի դաշտ բերելով։

Ընկերության տնօրեն Հովհաննես Գրիգորյանը նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է ընկերության գործունեությունը, հիմնումից ի վեր «Այ-Փի-Էս-Սի»-ի կողմից իրականացված աշխատանքները, ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները: Նորաբաց գրասենյակում նախագահը զրուցել է հետազոտական, խորհրդատվական, հաղորդակցական բաժինների և առանձին ծրագրերի աշխատակիցների հետ, ծանոթացել աշխատանքների կազմակերպման մանրամասներին ու ընկերության ձեռքբերումներին:

Գործելով 2006 թ․ի վեր՝ ընկերությունը ներկայումս հանդես է գալիս «Բրեվիս» նոր ապրանքանիշով՝ հանրային կարծիքի հետազոտությունների թղթային տարբերակը փոխարինելով էլեկտրոնային եղանակով։ Վերջինիս համար ընկերության մասնագետների կողմից մշակվել է հատուկ CAPI ծրագրային ապահովումը, որը վայրկենական փոխանցում է հարցման արդյունքներն անվտանգ դաշտ՝ անհասանելի դարձնելով անգամ հարցումն իրականացնողի համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով